Ճապոնական Toshiba ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սիգենորի Սիգան ընկերության հերթական բազմամիլիարդ վնասների մասին հաղորդումների ֆոնին հայտարարել է հրաժարական տալու մասին, հայտնում է BBC-ն: 

Ակնկալվում էր, որ փետրվարի 14-ի գիշերը Toshiba-ն կհրապարակի իր տարեկան հաշվետվությունը, որտեղ կնշի իր կրած վնասների չափը եւ կհստակեցնի, թե որքան վնաս է կրել  Westinghouse Electric ամերիկյան ստորաբաժանման ակտիվների արժեքի դուրսգրումից:

Ընկերությունը, սակայն, վերջին պահին խնդրել է հաշվետվության հրապարակումը հետաձգել, որը կապված է դուրսգրման հարցում աուդիտորների հետ համաձայնություն չհասնելու հետ:

Ստորաբաժանման հետ կապված խնդիրների մասին վաղուց էր հայտնի: Անցյալ տարվա դեկտեմբերին Toshiba-ն ընդունել է Westinghouse Electric-ի ակտիվների արժեքի դուրսգրման անհրաժեշտությունը որից հետո ճապոնական ընկերության բաժնեթղթերի արժեքն անկում է գրանցել:

Այս ֆոնին էլ Սիգան հայտարարել է իր հրաժարականի մասին, որից հետո նոր միայն ընկերությունը հրապարակեմլ է մարտի 31-ին ավարտվող ֆինանսական տարվա վնասի մոտավոր չափը: Ակնկալվում է, որ այն մոտ 3,44 մլրդ դոլար կկազմի: