Իրաքում հիմնական խորհրդարանական դաշինքները պայմանավորվել են իշխանության բաժանման շուրջ:
Ինչպես հաղորդում է AP-ն, վարչապետ Նուրի Ալ-Մալիքին կրկին առաջադրվելու է կառավարության ղեկավարի պաշտոնում, իսկ երկրի նախագահ է մնալու քուրդ Ջալալ Թալաբանին:
Խորհրդարանի նախագահի պաշտոնը սուննիների թվից ներկայացնելու է լիբերալ-հայրենասիրական «Ալ-Իրաքիա» դաշինքը՝ Այադ Ալաուիի գլխավորությամբ: Լիբերալները պահանջում են նաեւ փոխվարչապետի պաշտոնը, եւ այն կզբաղեցնի Թարեք ալ-Հաշիմին:
Կառավարության կազմն ամբողջությամբ պարզվելու է Էրբիլեում կայանալիք խորհրդակցությանը, որը կազմակերպվել է իրաքյան Քրդստանի առաջնորդ Մեսութ Բարզանիի եւ Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիի կողմից:
Նշենք, որ մարտին կայացած ընտրություններում ոչ մի կուսակցության չի հաջողվել հավաքել ձայների բավարար քանակը՝ կառավարություն կազմելու համար, եւ առ այսօր երկիրն ապրում էր առանց գործադիր իշխանության:





























