Ֆիննական HMD Global ընկերությունը, որին պատկանում են Nokia ապրանքանիշի իրավունքները, մտադիր է ներկայացնել Nokia 3310 բջջայինի ժամանակակից մոդելը։ Բջջայինը ներկայացվելու է Բարսելոնայում փետրվարի 27–ից մարտի 2–ը կայանալիք MWC ցուցահանդեսում, հաղորդում է VentureBeat–ը։

Բջջայինի տեխնիկական ցուցանիշների մասին որեւէ տեղեկություններ այս պահին չկան, ինչպես եւ հեռախոսի լուսանկարը։ Հայտնի է միայն, որ «վերահրատարակված» Nokia 3310 մոդելը կարժենա 59 եվրո։

Աղբյուրը նաեւ հաղորդել է, որ ցուցահանդեսում ներկայացվելիք այլ հեռախոսների մասին։ HMD Global ընկերությունը ներկայացնելու է նաեւ երկու բյուջետային սմարթֆոն, որոնք իրենց ցուցանիշներով զիջում են Չինաստանում արդեն վաճառվող Nokia 6 մոդելին։ Այսպես, Nokia 5 մոդելի արժեքը կազմելու է 199,  Nokia 3 մոդելինը՝ 149 եվրո։

Nokia 3310 բջջային հեռախոը թողարկվել էր 2000 թվականի վերջին։ Այս ընթացքում վաճառվել է ավելի քան 126 միլիոն հեռախոս։ Ցանցում տարածված են մեմերը, որտեղ մոդելը ներկայացվում է որպես Երկրագնդի ամենակայուն նյութը։