Ադրբեջանը հենց սկզբից ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման քաղաքականությունն է որդեգրել, եւ մինչեւ հիմա հետեւում է դրան: Երեւանում անցկացվող «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» խորագրով համաժողովում ունեցած ելույթում այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Եթե նախկինում Ադրբեջանը թաքցնում էր դա, ապա հիմա բացահայտորեն խոսում է այդ մասին: Հարկ է հիշել այդ երկրի նախագահի վերջին հայտարարությունն այն մասին, որ տեղի ունեցող ամեն ինչ իրենց ներքին գործն է: Ադրբեջանի իշխանությունները չեն հրաժարվել պետական մակարդակով իրականացվող ահաբեկչության քաղաքականությունից»,- ընդգծել է փոխնախարարը:

Նրա խոսքով՝ գործ ունենք սուբյեկտի հետ, որը պատրաստ է ցանկացած պահի հրաժարվել պայմանավորվածություններից: Սա առաջին հերթին վերաբերում է հրադադարի ռեժիմի պահպանմանը:

Այս համատեքստում Շավարշ Քոչարյանն ընդգծել է. այն, որ ժամանակին Հայաստանը նույնպես ստորագրել է հրադադարի մասին համաձայնագիրը, փաստաթղթին միջազգային կարգավիճակ է տալիս, եւ դա Ադրբեջանին պարտավորեցնում է հետեւել դրան: Հակառակ դեպքում Ադրբեջանը կփորձեր խորամանկել:

Փոխնախարարը նաեւ նշել է, որ Մադրիդյան փաստաթուղթը ենթադրում է խնդրի փաթեթային լուծում՝ փոխզիջումների ճանապարհով: «Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ փաթեթային տարբերակը կարող է փուլային եղանակով իրականացվել: Եթե մենք գործ ունենք սուբյեկտի հետ, որը պատրաստ է հրաժարվել պարտավորություններից, նշանակում է, որ երբ նա շահեկան դիրքի հասնի, կհրաժարվի կատարել իր պարտավորությունները»,- նշել է Քոչարյանը:

Նրա խոսքով՝ մեկ առաքելություն է մնում, որն իրականացնում են միջնորդները. թույլ չտալ ռազմական գործողությունների վերսկսում:

«Ադրբեջանի դիրքորոշումը հաստատում է. Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի»,- ամփոփեց Քոչարյանը: