Թալիշստանը հիմա նույն ժամանակներն է ապրում, ինչ ժամանակին Լեռնային Ղարաբաղը: Երեւանում անցկացվող «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» խորագրով համաժողովի ժամանակ այս մասին հայտարարեց ծագումով թալիշ ադրբեջանցի լրագրող Շահին Միրզոեւը, որն ապաստան է հայցել Հայաստանում:
Նրա խոսքով՝ ադրբեջանական թալիշները փաստացի տեղեկատվական շրջափակման մեջ են: Եվ բոլոր նրանց, ովքեր փորձում են որեւէ կերպ դիմադրել դրան, խիստ պատիժ է սպառնում:
Միրզոեւը նշեց, որ իշխանությունների կողմից ճնշումների պատճառով վերջին տարիներին Ադրբեջանից ավելի քան 300 հազար թալիշներ են հեռացել: «Մինչ քաղաքական գործիչները մտածու եմ, Թալիշում կատարվում է այն, ինչ Ղարաբաղում: Ադրբեջանում ավելի քան 2 մլն թալիշ կա: Ինչպե՞ս կարելի է նրանց ոչնչացնել, իսկ աշխարհը հետեւի դրան: Դա անհնար է»,- ասաց Շահին Միրզոեւը:
Նրա խոսքով՝ մայրենի լեզվով հեռուստատեսություն, ռադիո, թերթեր եւ դասագրքեր ունենալու պահանջն Ադրբեջանում անջատողականություն է գնահատվում, իսկ նրանց, ովքեր այդ մասին խոսում են, ազգի թշնամի են դառնում: «Մարդը նույնիսկ ծխախոտ չի ծխում, իսկ նրա մոտ թմրանյութ են «գտնում»»,- նշեց նա՝ հավելելով, որ իրեն էլ 7 օրով բանտ են տարել՝ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ամրագրված պահանջի համար:
Հարցին, արդյո՞ք Հայաստան գալու իր քայլը ռիսկային չէր, Շահին Միրզորեւը կտրուկ պատասխանեց. «Ո՛չ»: «Ես դուրս պրծա մահվան ճիրաններից: Ես ազատորեն այստեղ եկա եւ, կարծում եմ, չեմ սխալվել»,- հայտարարեց Միրզորեւը՝ հավելելով, որ իր համար ռիսկային կլիներ Ադրբեջան վերադառնալ:




























