Հեռախոսային ավտոմատների անվճար ծառայություններից հիմնականում օգտվում են միջքաղաքային զանգեր կատարելու համար: Այս մասին NEWS.am-ին ասաց Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նրա խոսքով՝ 2016-ի հոկտեմբերից Beeline-ի հեռախոսային սարքերից կարելի է անվճար զանգահարել ամբողջ Հայաստանում ընկերության կայանային ցանցին: Սակայն դիտարկումների համաձայն՝ Երեւանից հիմնականում զանգահարում են շրջաններ, շատ հաճախ՝ շրջաններից եկած ուսանողները, որոնք զանգահարում են հարազատներին: Երեւանի ներսում զանգերի քանակը փոքր է, բայց պատահում են, եթե բջջայինի փողը սպառվել է: «Այսինքն՝ մարդիկ, այսպես թե այնպես, տուն զանգահարելու հնարավորություն ունեն: Մենք միանշանակ դրական  արձագանքներ ենք ստանում, նույնիսկ նրանցից, ովքեր չեն օգտվում»,- նշեց Պյատախինը:

Նա հավելեց, որ չի կարելի ուշադրություն չդարձնել հայ բաժանորդների պատասխանատվության վրա. օրինակ՝ վերջին շրջանում հեռախոսային խցիկը կամ սարքը կոտրելու ոչ մի փորձ չի եղել: «Հանրապետությունում ընդամենը հեռախոսային մոտ 500 սարք ունենք, գրեթե հավասար բաժանված Երեւանի եւ շրջանների միջեւ: Տարեկան նվազագույնը 2-3 սարք ենք փոխում, առավելագույնը՝ 5: Այն էլ՝ ինչ-որ պատահականության կամ արտակարգ դեպքի հետեւանքով վնասված, օրինակ՝ եթե ավտոմատի վրա ծառ ընկնի կամ ավտոմեքենա մխրճվի: Այստեղ, փաստորեն, խուլիգանության դեպքեր չկան: Դրանով Հայաստանը շատ երկրներից է տարբերվում, օրինակ՝ Ուկրաինայից»,- եզրափակեց Անդրեյ Պյատախինը:

Beeline-ը Հայաստանի բջջային եւ ֆիքսված հեռախոսակապի եւ ինտերնետի խոշորագույն օպերատորներից մեկն է: