Իրանը հավատում է, որ Պարսից ծոցի անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները՝ առանց արտասահմանյան տերությունների մասնակցության…

Իրանը ողջունում է Պարսից ծոցի արաբական 6 երկրների  վերջին ուղերձը՝ կապված խնդիրների կարգավորման եւ փոխհարաբերությունների ամրապնդման հետ: Այս մասին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է Օման եւ Քուվեյթ կատարելիք այցերի նախաշեմին, փոխանցում է ԻՐՆԱ-ն:

Ուղեւորությունից մի քանի րոպե առաջ Ռոհանին լրագրողներին հայտնել է, որ վերջերս Քուվեյթը Իրանի նախագահին է փոխանցել Պարսից ծոցի արաբական 6 երկրների ուղերձը՝ թյուրիմացությունների կարգավորման եւ բանակցությունների ճանապարհով փոխհարաբերությունների ամրապնդման մասին:

Ռոհանիի խոսքով՝ Իրանը հավատում է, որ Պարսից ծոցի անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները՝ առանց արտասահմանյան տերությունների մասնակցության: Նա ասել է, որ այցը կկայանա Օմանի սուլթանի եւ Քուվեյթի էմիրի հրավերով, եւ օրակարգում կլինի այս երկրների հետ հարաբերությունների ընդլայնումը:

«Հանդիպման ընթացքում կքննարկվի նաեւ Իրաքի, Սիրիայի եւ մասնավորապես Եմենի շուրջ ստեղծված իրավիճակը: Քուվեյթն ու Օմանը Եմենի հակամարտությունների կարգավորման գործընթացում գլխավոր դերակատարում ունեն»,- հայտարարել է Իրանի նախագահը: