Beeline-ը Աբովյանում եւ Արտաշատում պղնձե մալուխներով ինտերնետի արագությունը մեծացնելու տեխնիկա է փորձարկում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նրա խոսքով՝ մինչեւ առաջին եռամսյակի վերջը ցանկանում են գործող ցանցերում նոր տեխնոլոգիան փորձնական շահագործման հանձնել: Հնարավոր է, որ ապրիլի վերջին դրան կհետեւի կոմերցիոնը, ըստ որում՝ գործող սակագնային ծրագրերի շրջանակներում: «Այդ փորձով մենք կհասկանանք՝ արժե արդյոք հետագայում եւս պղնձով աշխատել: Դա մեզ հետաքրքիր է, դա արագությունները մեծացնելու միջոց է: Ըստ որում՝ բավարար է միայն սարքավորումները փոխելը: Այս փորձը շատ երկրներում է կիրառվում: Օրինակ՝ Նիդերլանդներում պղնձե մալուխները մինչ օրս մեծ արդյունավետությամբ շահագործում են»,- նշեց Պյատախինը:
Նախապես Beeline ընկերությունը ցանկանում էր նոր տեխնոլոգիան փորձարկել Երեւանի փոքր կենտրոնում: Սակայն ցանցերի խտության եւ բաժանորդների թվի պատճառով սկզբի համար աշխատանքը շատ բարդ կլիներ: «Բայց եթե փորձը հաջող լինի, ապա մենք ծրագրում ենք շարունակել»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է նոր կապի արագությանը, ապա տեսականորեն այն հասնում է վայրկյանում 60 մեգաբիթի: «Գործնականում մենք այդ ծավալի մեկ երրորդ մասն ենք հաշվարկում, բայց ինչ-որ բանի մասին համոզված խոսելու համար, պետք է նախ փորձարկենք: Շատ բան կախված է հաղորդալարերի վիճակից եւ դրանց ճյուղավորվածությունից»,- եզրափակեց Անդրեյ Պյատախինը:



























