Նոյեմբերի 7-ին Հարավ Արեւմտյան Բ-1 թաղամասում «Մերսեդես» մակնիշի 15 ՏՕ 006 համարանիշով ավտոմեքենայի (որը ենթադրաբար պատկանել է Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիկնապահներից Սեւակ Ղազարյանին) վրա կրակ բացելու փաստով ՀՀ «Քրեական օրենագրքի» հարուցվել է քրեական գործ «Սպանության փորձ» հոդվածով։ Կատարվում է նախաքննություն։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Ոստիկանության մամուլի ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը։
NEWS.am-ի թղթակիցը զանգահարեց նաեւ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, սակայն նրա բջջային հեռախոսը վերցրեց մեկ այլ մարդ եւ հայտնեց, որ Սամվել Ալեքսանյանը Հայաստանում չէ եւ կվերադառնա 2 օրից:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին, ժամը 2.30-ի սահմաններում Հարավարեւմտյան Բ-1 թաղամասի Րաֆֆու 43 շենքի մոտ անհայտ անձը կամ անձինք կրակ են բացել «Մերսեդես» մակնիշի 15 ՏՕ 006 համարանիշով ավտոմեքենայի վրա: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը NEWS.am-ին հայտնել էր, որ այդ պահին մեքենայում է եղել 24-ամյա Սեւակ Ղազարյանը, որը ձախ ձեռքի դաստակի մասում հրազենային վնասվածք է ստացել: Դեպքի վայրին հարակից շենքերի բնակիչները Գագիկ Շամշյանին հայտնել էին, որ Սեւակ Ղազարյանը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիկնապահներից է:




























