Ադրբեջանի հիմնական ընդդիմադիր կուսակցությունների՝ Ազգային Ճակատի եւ «Մուսավաթի» ղեկավարներ Ալի Քերիմլին եւ Իսա Ղամբարը չեն ընտրվել չորրորդ գումարման խորհրդարանում: Այդ կուսակցությունները հանդես են եկել միացյալ ճակատով, սակայն նրանց կազմից որեւէ թեկնածու պատգամավոր չի ընտրվել:
Միակ ընդդիմադիր կուսակցությունը, որը ներկայացված է լինելու, «Ումիդ»-ն է, որի ղեկավար Իղբալ Աղազադեն կրկին դարձել է միակ ընդդիմադիր պատգամավորը:
Ազգային Ճակատն ու «Մուսավաթը» հայտարարել են տոտալ կեղծիքների մասին:
Նշենք, որ նոյեմբերի 7-ին կայացած ընտրություններում 125 մանդատներից 68-ը բաժին է հասել կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցությանը: Ձայների ռեկորդային քանակություն ստացել է Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան, ում օգտին քվեարկել են ընտրողների 94,49 տոկոսը: Խորհրդարան են անցել Մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովը, նրա տեղակալներ Զիյաֆեթ Ասքերովն ու Բահար Մուրադովան:





























