Հայաստանի երկու քաղաքացիներ փորձել են մարտ ամսին վաճառել բարձր հարստացված ուրանը մարդկանց, որոնց ահաբեկիչներ են համարել, գրում է բրիտանական The  Telegraph-ը:

Փաստերը հայտնի են դարձել դատավարության ընթացքում, որը տեղի է ունենում Հայաստանին հարեւան Վրաստանում: Դրանք վկայում են, որ ատոմային մաքսանենգները նախկինի պես շատ ակտիվ են նախկին Խորհրդային Միության սահմաններին:

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ապրիլին հայտարարել էր, թե իր երկիրը՝ ԱՄՆ-ի հավատարիմ դաշնակիցը, բացահայտել եւ խափանել է բարձր հարստացված ուրանը իսլամական ծայրահեղական խմբավորմանը վաճառելու դավադրությունը:

Սակայն գործողության մանրամասները հայտնի չեն եղել մինչեւ նոյեմբերի 7-ը, երբ բացահայտվել է, որ Հայաստանի երկու քաղաքացիներ՝ գործարար Սմբատ Տոնոյանն ու ֆիզիկոս Հրանտ Օհանյանը մեղսակից են մաքսանենգությանը: Երկուսն էլ իրենց մեղավոր են ճանաչել:

Դատախազները հայտնել են, որ նրանք մաքսանենգ ճանապարհով 18 գրամ բարձր հարստացված ուրան են տեղափոխել Երեւանից Թբիլիսի` սիգարետի տուփի մեջ: Նման քանակությունը բավարար չէ ատոմային ռումբ ստեղծելու համար, սակայն դա փորձանմուշ էր, եւ եթե գնորդը ցանկանար, ավելի մեծ քանակություն կհատկացվեր:

Մաքսանենգները մտածել են, որ գործ ունեն իսլամական ծայրահեղականների հետ, սակայն դրանք իրականում եղել են վրացական հատուկ ծառայությունների աշխատակիցներ:

Փակ դատավարությունը ցույց է տալիս, թե որքան քիչ բան գիտենք ատոմային մաքսանենգության ոլորտում ապօրինի առեւտրի մասին: Հայտնի չէ, թե որքան գողացված նյութեր են գտնվում շրջանառության մեջ եւ որքան՝ ծայրահեղականների ձեռքում:

Առգրավված ուրանը հարստացված է եղել մինչեւ 89,4 տոկոս եւ, հետեւաբար, կարող էր օգտագործվել ատոմային մարտագլխիկի մեջ:

Պարբերականը նշում է, որ այդ բեռը ստացվել է Ռուսաստանում՝ Նովոսիբիրսկում: