Կրթական համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը օգնում է այն միանգամայն նոր մակարդակի բարձրացնել: Դասապատրաստման համար համակարգիչների եւ համացանցի օգտագործումը երեխաներին օգնում է ավելի հեշտ եւ մեծ հետաքրքրությամբ յուրացնել նյութերը եւ ավելի ամուր գիտելիքներ ձեռք բերել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իմ դպրոցը» կայքի տնօրեն Անի Հակոբյանը:

Մաթեմատիկայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ երեխաների հետաքրքրությունը մեծացնելու, այս ասպարեզում նրանց գիտելիքները խորացնելու համար կայքը Երեւանի քաղաքապետարանի եւ Կրթության նախարարության հետ 5-6-րդ դասարանցիների միջեւ մաթեմատիկայի մրցույթ էր կազմակերպել: Մրցույթի շրջանակներում երեխաները պետք է 3 ամսվա ընթացքում ջանասիրաբար մաթեմատիկա սովորեին եւ վճռեին «Իմ դպրոցը» կայքում տեղադրված խնդիրները: Այնուհետեւ նրանք թեստեր են հանձնել, որոնց արդյունքներով ավելի մեծ քանակով միավորներ հավաքած դասարանները երկրորդ փուլ են անցել: Այս փուլում երեխաները պարապել են ավելի բարդ ծրագրերով եւ ավելի բարդ թեստեր են լրացրել, որոնց արդյունքում էլ հաղթողները որոշվել են՝ N17 դպրոցի (Վրեժ Համբարձումյանի անվան) 5 «ա» դասարանը եւ Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցի 6 «գ» դասարանը: Մրցույթին ընդամենը Երեւանի 23 դպրոց է մասնակցել:

Հաղթած դասարանների բոլոր աշակերտները պլանշետներ են նվեր ստացել, իսկ մաթեմատիկայի նրանց ուսուցիչները՝ համակարգիչներ:

N17 դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Նունե Երանոսյանը NEWS.am-ին ասաց, որ հաղթած դասարանի աշակերտները մրցույթին աներեւակայելի ոգեւորությամբ են մասնակցել: «Ես անգամ չէի պատկերացնում, որ երեխաներն այդքան կամքի ուժ կունենան: Նրանք համակարգիչների առաջ նստած օր ու գիշեր պարապում էին: Մի անգամ երեխաների վերջին ստուգողական թեստը բաժանեցի ժամը 23:00-ին: Համոզված էի, որ այդ ժամին այն այլեւս ոչ մեկը չի լուծի, բայց երբ գիշերվա ժամը 01:00-ին կայք մտա, զարմանքով տեսա, որ բոլոր երեխաները նստել էին մինչեւ 00:30, եւ բոլոր խնդիրները լուծել էին: Ես նման բան չէի սպասում»,- խոստովանեց ուսուցչուհին:

«Մենք անհամբերությամբ էինք սպասում, թե երբ ուսուցչուհին կուղարկի ստուգողական աշխատանքները, եւ անմիջապես սկսում էինք լուծել,- պատմեց 5 «ա» դասարանի աշակերտներից Գոռ Այվազյանը: - Դա հետաքրքիր էր, քանի որ մենք կարողացանք հասկանալ, թե ինչ գիտելիքներ ունենք, իսկ իչն է դեռեւս վատ ստացվում»:

«Երեխաների ծնողները մեզ պատմում էին, որ երբ երեխաները լուծած խնդիրների համար «100 տոկոս» էին ստանում, ուրախությունից բղավում էին»,- որպես գաղտնիք ասաց ուսուցչուհին:

N162 դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհ Մարիամ Հարությունյանն իր հերթին պատմեց, որ ամեն օր երեխաները քննարկում էին թեստի խնդիրները, իսկ ավելի բարդ խնդիրների լուծման մասին հարցնում էին իրարից կամ ուսուցիչներից: Արդյունքում նրանք ոչ միայն հաղթեցին, այլեւ նկատելիորեն սկսեցին ավելի լավ սովորել՝ շատ աշակերտներ, որոնք մաթեմատիկայից 4 էին ստանում, սկսեցին 6 եւ 7 ստանալ, իսկ մյուսների գնահատականները 7-ից մինչեւ 10 բարձրացան:

Կայքի տնօրենն ասաց, որ մրցույթի համար հատուկ են մաթեմատիկան ընտրել, քանի որ այն ճշգրիտ գիտություն է, որտեղ սուբյեկտիվ նոտեցումն անհնար է՝ թեստերի պատասխանները կարող էին կամ ճիշտ լինել, կամ՝ ոչ: Դրանից զատ, նրա խոսքով՝ հայ երեխաները մաթեմատիկա սիրում են եւ մշտապես հաճույքով են մասնակցում մաթեմատիկայի մրցույթներին:

Թիվ 132 դպրոցից 5-րդ դասարանցի Հայկ Անդրիասյանը հաղթած դասարաններից չէր, բայց նույնպես հատուկ մրցանակ ստացավ՝ պլանշետ: Բանն այն է, որ Հայկը մրցույթի 2 փուլերում ամենաբարձր միավորներն էր ստացել՝ «100 տոկոս»: NEWS.am-ի հետ զրույցում տղան նշեց, որ մաթեմատիկան իր ամենասիրելի առարկան է: Սակայն դեռեւս չգիտեր՝ ցանկանում է ապագայում մաթեմատիկոս դառնալ:

Հատուկ մրցանակ ստացավ նաեւ մաթեմատիկայի ուսուցչուհի Հասմիկ Սարգսյանը, որն իր աշակերտների հետ միասին, ընդդեմ դպրոցի տնօրենի ցանկության, մրցույթին մասնակցեց եւ գերազանց արդյունք ցույց տվեց: