ԱՄՆ Արեւելյան ափի Հեվենվիլ քաղաքի հայերը ցանկանում են վաճառել հայկական եկեղեցին, որի գնորդը պատրաստվում է եկեղեցու տեղում «Բուրգեր Քինգ» կառուցել:

Հատկանշական է, որ հուշարձանների պահպանության քաղաքային հանձնաժողովը ցանկանում է պահպանել եկեղեցին:

Հանձնաժողովի ներկայացուցիչները կարծում են, որ քաղաքի համար մեծ սխալ կլինի 163 տարվա պատմություն ունեցող եկեղեցին վաճառելը, հատկապես, որ նրա տեղում սննդի օբյեկտ է կառուցվելու:

Հեվենվիլ քաղաքի հուշարձանների պահպանության հանձնաժողովի անդամ Քրիստիան Միլերի խոսքով, հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ առաքելական եկեղեցու տեղում ռեստորան կառուցելը չափազանց մեծ անհեթեթություն է: Հանձնաժողովը գտնում է, որ եկեղեցու քանդելը կփոխի քաղաքի դեմքը:

Ինչպես նշում է Associated Press-ը, եկեղեցու սպասավորներն ասում են, թե հին շենքը վերանորոգելու համար 1,5 միլիոն դոլար է անհրաժեշտ, եւ նրանք ստիպված վաճառում են այն` ավարտելու համար նոր եկեղեցու շինարարությունը:

Ծխական խորհրդի նախագահ Սքոթ Սահակյանը Eagle Tribune թերթին ասել է, թե գործարքը խոչընդոտելու փորձերը կրոնական եւ էթնիկ հետապնդումներ են: Հաղորդում է «Ազատությունը»: