Երբ անցած ամիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց իմիգրացիոն հրամանագիր, որը դադարեցնում է փախստականների ընդունելությունը, նա շեշեց, որ առաջին հերթին ուշադրություն է դարձվելու կրոնական փոքրամասնություններին, մանավանդ քրիստոնյաներին։

Սակայն որոշ քրիստոնյա փախստականներ Թրամփի հրամանագրից հետո չեն կարողացել ԱՄՆ մտնել, նույնիսկ այն դեպքում, երբ դաշնային դատարանը դադարեցրել է այդ հրամանագրի գործողությունը, հայտնում է Հարավային Քալիֆորնիայի ռադիոն։

Իրանահայ փախստականների մի ընտանիք նույնպես չի կարողացել ԱՄՆ մեկնել։ Ընտանիքը պետք է Ավստրիա մեկներ ու այնտեղ ձևակերպեր փաստաթղթեր ԱՄՆ հետագա տեղափոխության համար։

Գլենդեյլում բնակվող գործարար Ջորջ Հարությունյանը մոտ 30 տարի առաջ է որպես փախստական Ամերիկա է տեղափոխվել։ Նա սպասում էր, որ իր եղբոր ընտանիքը փետրվարի 4-ին Լոս Անջելես կժամանի։ Ազգականները մտադիր էին ապրել նրա հետ, մինչև բնակարան գտելը, բայց իմիգրացիոն հրամանագրից հետո նրանց վիզաները չեղարկվել են ու նրանք մնացել ե Թեհրանում։

Հարությունյանները հայ քրիստոնյաներ են, Իրանում կրոնական փոքրամասնության ներկայացուցիչներ։ Ընտանիքը Ամերիկա էր մեկնել Լոթենբերգի ծրագրով։ Այդ ծրագիրը ստեղծվել էր 1990-ին, ի սկզբանե այն նախատեսված էր նախկին ԽՍՀՄ երկրներից փախստականներին օգնելու համար։ Հիմա ծրագիրը հիմնականում օգնում է փախստական քրիստոնյաներին, հրեաներին ու Իրանի մյուս կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներին։

Հարությունյանը նշել է , որ իր ընտանիքը կորցրել է շատ ավելին, քան պարզապես վիզան, նրանք ստիպված են եղել թողնել աշխատանքը, դպրոցը, հեռացել են իրենց տնից ու վաճառել ամբողջ ունեցվածքը։ «Հիմա նրանք կորցրել են ամեն ինչ ու ապրում են անօթևանների նման։ Դա անհեթեթություն է»,- նշում է նա։

Փրկության միջազգային կոմիտեն (International Rescue Committee)՝ փախստականների վերաբնակեցման հարցերով  սակավաթիվ պետական գործակալություններից մեկը, օգնել է ընտանիքին ու նրանց համար ապաստան գտել։

Հայտնում են, որ կազմակերպությունում 155 փախստական կա գրանցված, որոնք մնացել են Իրանում վիզաների չեղարկման պատճառով։

Այն փախստականները, որոնց հաջողվել է Ավստրիա մեկնել մինչև իմիգրացիոն հրամանագրի ստորագրումը, կկարողանան մեկնել ԱՄՆ, բայց նրանք, ովքեր Իրանում են մնացել, այլևս հնարավորություն չունեն ԱՄՆ մեկնել առանց ավստրիական տարանցիկ վիզաների։

Ռադիոկայանի հետ զրույցում Ավստրիայի պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ իրենք կապի մեջ են ԱՄՆ-ի հետ, որպեսզի որոշեն, թե «ինչպես գործեն հետագայում»։