Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններն անցել են խայտառակ կեղծիքներով, եղել են ինչպես կեղծումներ, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ բռնության դեպքեր, մամուլի ասուլիսում հայտարարել է Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանը:

Նրա խոսքով, անգամ խորհրդարան անցած ընդդիմադիր թեկնածուները «չափավոր» են, այլ ոչ արմատական գործիչներ: Ուստի, միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա այդ խայտառակ ընտրություններին, նշել է Կարապետյանը: « Այդ համատեքստում տեղին կլիներ հիշել Լեռնային Ղարաբաղի ընտրությունների մասին, որոնք միշտ ազատ եւ թափանցիկ են եղել: Եւ դա այն դեպքում, երբ միջազգային հանրությունը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը, իսկ Ադրբեջանը ճանաչված պետություն է»,- ասել է պատգամավորը:

Նշենք, որ նոյեմբերի 7-ին կայացած ընտրություններում 125 մանդատներից 68-ը բաժին է հասել կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցությանը: Ընդդիմությունը նշում է աղաղակող խախտումների մասին: