Հայաստանում ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների դեպքում, իշխող Հանրապետական կուսակցությունը կհավաքի առավելագույնը 10-15 տոկոս ձայն` այն էլ օգտագործելով իր իշխանական ողջ ռեսուրսները: Նոյեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ընդդիմադիր  Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնախմբի անդամ Վլադիմիր Կարապետյանը: Վերջինիս համոզմամբ, Հայաստանում պետք է լինեն արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ, որպեսզի հնարավոր լինի վերացնել մարտիմեկյան սպանդի հետևանքով ստեղծված իրավիճակը:

Իսկ ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ փորձեց նույնկերպ հակադարձել, հայտարարելով, որ խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ-ը կհավաքի 10-15 տոկոս ձայն:  Սահակյանը խորհուրդ տվեց ՀԱԿ-ին հետեւել Գալուստ Սահակյանի խորհրդին եւ ակտիվացնել հանրահավաքները:

Նրանց բանավեճը շատ թեժ ստացվեց եւ բանը հասավ ձայնը բարձրացնելուն:

Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ 2008-ի նախագահական ընտրություններից հետո, իշխանությունը որեւէ դրական տեղաշարժ չի արձանագրել:

«Խոստումներ, որ տրվել են բնակչությանը չեն իրագործվել, ժողովուրդը շարունակում է աղքատանալ, սոցիալական վիճակը` վատթարանալ, իսկ բյուջեն` նվազել: Մենք պայքարում ենք արտահերթ ընտրությունների համար, որպեսզի այն իրադարությունները, որ եղան 2008 թվականի մարտի 1-ին, այդ իրավիճակը վերացվի»,- ասաց նա ու հավելեց. «Մենք անելու ենք ամեն բան, որպեսզի հասնենք արտահերթի ընրտությունների»:

Փոխարենը Հ. Սահակյանը հայտարարեց, թե ՀՀԿ-ն կատարել է իր առջեւ դրված բոլոր խնդիրները, այդպես էլ չմանրամասնելով, թե այդ որ բոլոր խնդիրներն է լուծել:

«Բյուջեի նվազումը դուք որտեղի՞ց եք վերցրել, միգուցե շփոթմամբ մենք այլ պետության բյուջե՞ եք վերցրել կադացել: Կարող եմ տալ բյուջեն կարդաս: Եթե չես կարդացել, ուրիշ խնդիր»,- «դու»-ի անցավ Հովհաննես Սահակյանը, ինչին Վ. Կարապետյանն արձագանքեց. «Ինձ համար ավելի հաճելի է «Դուք»-ով խոսել»: