Աստրախանում ձեռք բերված մարդասիրական պայմանավորվածությունները կամրապնդվեն Աստանայում՝ մանավանդ սահմանին առավել կայուն իրավիճակ հաստատելու համար։ Նոյեմբերի 8-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին  հայտարարեց «Նորավանք» գիտակրթական համալիրի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

«Ադրբեջանն այս առումով պետք է լրջորեն մտածի։ Չնայած մենք՝ հայերս, շատ հաճախ ենք նեղսրտում, որ շրջապատված ենք ոչ բարեկամական երկրներով, սակայն Ադրբեջանի վիճակն այս առումով մեզանից լավը չէ»,- նկատեց փորձագետը:

Հարությունյանի կարծիքով, Ադրբեջանն այսօր լուրջ խնդիրներ ունի հարեւանների՝ մասնավորապես Հայաստանի եւ Իրանի հետ։ Վրաստանի հետ համադաշնություն ստեղծելու փորձը տեղեկատվական խաբկանք է, եւ դրանից այնկողմ Ադրբեջանը չի կարող գնալ:

«Վրացիները հասկանում են, որ նման միությունը աշխատելու է բացառապես ի վնաս Վրաստանի։ Դրանից ելնելով՝ Ադրբեջանը պետք է փորձի ավելի փոխզիջումային դիրք գրավել ղարաբաղյան բանակցություններում»,- ասաց նա: