Հայկական բանակում խնդիրների լուծման ուղիներից մեկը ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ստեղծումն է: Մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:

Պատգամավորն ընդգծել է, որ մեկ օրում անհնար է լուծել բանակի բոլոր խնդիրները, քանի որ այն հասարակության հայելին է: Ըստ Կարապետյանի՝ այսօր բանակում կան սպաներ, ովքեր արժանի չեն իրենց կոչումներին, զբաղվում են կոռուպցիայով, նվաստացնում զինվորներին: « Անկախ հայրենիքի առջեւ իրենց նախկին արժանիքներից, այդ սպաները պետք է զրկվեն իրենց կոչումներից: Ովքեր պատերազմել են Լեռնային Ղարաբաղի համար, չպետք է մտածեն, թե իրենց ամեն ինչ թույլատրված է»,- ասել է Կարապետյանը:

Կարապետյանը նշել է, որ հատկապես վերջին ողբերգական միջադեպերից եւ Ադրբեջանի հետ սահմանին լարված իրավիճակից հետո մարդիկ սկսել են հնարավորություններ որոնել իրենց երեխաներին բանակ չուղարկելու համար: Պատգամավորն ընդգծել է զինվորների ծնողների՝ զորամասեր այցելելու անհրաժեշտությունը:

Այդուհանդերձ, Կարապետյանը նշել է, որ այսօր հայկական բանակն ընթանում է բարեփոխումների ճանապարհով եւ գտնվում առողջացման փուլում: