Կիպրոսի հանրապետության խոշոր քաղաքներից մեկում` Լառնակայում, ավանդաբար անցկացվող «Ընդդեմ ռասիզմի» համերգի ընթացքում մոտ 100 հույն ծայրահեղական հարձակվել են թուրք հանդիսատեսների վրա։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ խաղաղությանը նվիրված համերգ-փառատոնի ընթացքում հանդիսատեսի ուղղությամբ են շարժվել «Հելենական պայքարի շարժում» եւ «Ընդդեմ ամբողջ Կիպրոսի զավթման» խմբավորումների մոտ 100 անդամներ, ովքեր բացականչել են. «Օտարնե՜ր, հեռացեք Կիպրոսից»։ Ոստիկանությունը փակել է ծայրահեղականների ճանապարհը, սակայն հանդիսատեսներից ոմանք բղավել են. «Ֆաշիստներ, հեռացե՜ք», որից հետո լարվածությունը մեծացել է։ Այդ ընթացքում ծայրահեղականնները փորձել են ճեղքել ոստիկանների շղթան եւ սկսվել է ծեծկռտուք։
Բախումների ընթացքում 2 տեղից դանակահարվել է Կիպրոսի թուրքական հատվածից ժամանած երգիչ Սերթուն Աքդողանը եւ տեղափոխվել հիվանդանոց։
Ծեծկռտուքի 7 մասնակից ձերբակալվել է, կա 7 վիրավոր։





























