Ադրբեջանական ընդդիմությունը չի ճանաչել կիրակի օրը` նոյեմբերի 7-ին Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները եւ պահանջել է անցկացնել կրկնակի քվեարկություն:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ,  հիմնական ընդդիմադիր  բլոկի, «Ադրբեջանի ազգային ճակատ-Մուսավաթ»-ի առաջնորդ Իսա Ղամբարը հայտարարել է, որ անհնար է ճանաչել ընտրությունների պաշտոնական արդյունքները, որովհետեւ դրանք ոչ լեգիտիմ եմ:

«Ընտրությունների արդյուքները պետք է չեղյալ համարել, պետք է նոր ընտրություններ անցկացվեն»,-ասել է Ղամբարը: Նա նաեւ հայտնել է, որ երկու կուսակցություններն էլ պայքարը կշարունակեն օրենքի սահմաններում եւ կդիմեն դատարան: Ընդդիմադիր գործիչը նշել է, որ օրվա երկրորդ կեսին կքննարկվի զանգվածային բողոքի ակցիա անցկացնելու հարցը:

Իսկ Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին ստեղծված իրավիճակի համար մեղադրել է միջազգային կազմակերպություններին:

Այդ պահին ընդդիմության ներկայացուցիչները, ովքեր ներկա են եղել սրահում, բացականչել են «Կորչի՜ ԵԱՀԿ-ն եւ Ադրբեջանը»:

Նշենք, որ Ադրբեջանում նոյեմբերի 7-ին  խորհրդարանական ընտրություններ են անցկացվել: Պաշտոնական տվյալներով, ընտրատարածքների մեծ մասում հաղթող են ճանաչվել նախագահ Իլհամ Ալիեւի «Ենի Ազերբայջան» կուսակցության թեկնածուները: