Հայ-թուրքական կարգավորման առաջին փուլն ավարտվել է հօգուտ Հայաստանի. Համաշխարհային հանրությունը համոզվեց, որ ի տարբերություն Թուրքիայի՝ Հայաստանը հուսալի գործընկեր է, ով կատարում է իր վրա դրված բոլոր պարտավորությունները։ Նոյեմբերի 8-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին  հայտարարեց «Նորավանք» գիտակրթական համալիրի տնօրեն Գագիկ Հարությունյանը։

Փորձագետի կարծիքով, եթե սկսվի հայ-թուրքական հարաբերությունների երկրորդ փուլը, ապա պետք է հիշել այն ասացվածքը, որ նույն գետը երկրորդ անգամ չես մտնի:

«Այն դիրքորոշումը, որ ունեն մի շարք եվրոպական երկրներ Թուրքիայի եւ Ադրբեջանի հանդեպ, այս կամ այն կերպ անդրադարձ կունենան նրանց արտաքին քաղաքականության վրա։ Այս անգամ հայ-թուրքական համատեքստում մեզ ավելի մեծ թվով երկրներ կհամակրեն, քան նախկինում,- նկատեց Հարությունյանը։