Այս տարվա ընթացքում արձանագրվել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտման շուրջ 140 դեպք. նշանակված տուգանքի ընդհանուր չափն էլ 25մլն դրամից ավելի է: Այս մասին նշել է Պետեկամուտների կոմիտեի Էրեբունու հարկային տեսչության պետ Կարեն Կարապետյանը: Նրա խոսքով, արձանագրված խախտումներից 115-ի դեպքում խախտումն արձանագրվել է առաջին անգամ եւ կիրառվել է օրենքով սահմանված տուգանք` 150 հազար դրամի չափով: 24 դեպքում խախտումներն արձանագրվել են նաեւ տուգանքը նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում 2-րդ եւ ավելի անգամ. կիրառվել է համապատասխանաբար 300 հազար եւ 600 հազար դրամի տուգանք եւ օրենքով սահմանված կարգով գործունեության կասեցում` 5 եւ 10 օրով:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՊԵԿ մամուլի ծառայությունից, ՊԵԿ-ի հսկողական աշխատանքների արդյունքում ֆիսկալային հասույթների աճ եւ ներդրված ՀԴՄ-ների քանակի ավելացում է արձանագրվել:
ՊԵԿ-ի տեսչության աշխատակիցներն արձանագրել են, որ որոշ տնտեսվարողներ օրենքի պահանջն անտեսում են հատկապես ոչ աշխատանքային օրերին եւ ժամերին, այդ օրերին գնորդներին չտրամադրելով ՀԴՄ կտրոններ: Դրա համար էլ, ՊԵԿ նախագահի հրամանով հանձնարարվել է որոշ հարկային ծառայողների համար ոչ աշխատանքային օրերն ու ժամերը հայտարարել աշխատանքային, կատարել լրացուցիչ ստուգայցեր:




























