ՆԱՍԱ-ն Միջազգային տիեզերակայան կուղարկի սուպերբակտերիա, հայտնում է CNN–ն։

Միկրոօրգանիզմը ուղարկվելու է ամերիկյան SpaceX ընկերության Dragon տիեզերանավով։ Ստաֆիլակոկների խմբի գնդաձեւ բակտերիան դասվում է մետիցիլինակայուն տեսակին, դրա առանձնահատկությունը հակաբիոտիկների հանդեպ կայունությունն է։ Այն կարող է առաջացնել հիվանդությունների լայն սպեկտր՝ թեթեւ ինֆեկցիաներից մինչեւ մենինգիտ, թոքաբորբ ու սեպսիս։

Միջազգային տիեզերակայանում ծրագրում են մ ի շարք փորձեր անել, որոնց նպատակն է ուսումնասիրել գրավիտացիայի ազդեցությունը այդ բակտերիաների աճի ու դրանց մուտացման վրա։ Ենթադրվում է, որ հետազոտությունը թույլ կտա հասկանալ նման փոփոխությունների պատճառները։