Նոյեմբերի 7-10-ը ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Ստրասբուրգում` մասնակցելու «Ակադեմիական ազատության եւ հաստատությունների ինքնավարություն. պետական մարմինների դերը» խորագրով համաժողովի աշխատանքներին, որի ընթացքում նախատեսվում է նաեւ նախարարի ելույթը:

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ստրասբուրգ կատարած այցի ընթացքում Ա. Աշոտյանը կհանդիպի Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ, ինչպես նաեւ կայցելի ԵԽ-ում Մշտական ներկայացուցչություն: Նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային հանդիպում կունենա ԵԽ քարտուղարության կրթության հարցերով պատասխանատուների, ԵԽԽՎ մշակույթի, գիտության եւ կրթության հանձնաժողովի նախագահ Գվոզդեն Ֆլեգոյի հետ: Նախարարը կայցելի նաեւ Ստրասբուրգի ազգային ճարտարապետական բարձրագույն դպրոց, ուր հանդիպում կունենա Ճարտարապետական խորհրդատվության, քաղաքաշինության եւ բնապահպանության գլխավոր տնօրինության` ի դեմս Ժան Մարկ Բիրի եւ Ստրասբուրգի ազգային ճարտարապետական բարձրագույն դպրոցի տնօրեն Ֆիլիպ Բաշի հետ: