Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` նոյեմբերի 8-ին Երեւանում Ռուսաստանի Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբեւի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է Հայաստանի եւ Ռոստովի մարզի համագործակցության խնդիրները:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ տարածաշրջանների միջեւ ուղղակի կապերի խորացման հարցը քննարկվել եւ կարեւորվել է 2010թ. հոկտեմբերի 23-ին Եկատերինբուրգում կայացած ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի օրակարգի շրջանակում:
Գոհունակություն հայտնելով Հայաստանի Հանրապետության եւ Ռոստովի մարզի միջեւ փոխգործակցության ընթացքից եւ բարձր գնահատելով Ռոստովի մարզի հայկական համայնքի դերակատարությունը` զրուցակիցները քննարկել են տնտեսական կապերի զարգացման հեռանկարները։
Հյուրերի խնդրանքով վարչապետ Սարգսյանը ներկայացրել է համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով ՀՀ տնտեսությունում արձանագրված վիճակը եւ անդրադարձել համագործակցության ընդլայնման հիմնական ուղղություններին։ Մասնավորապես, կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում գործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ Հեռանկարային են համարվել արդյունաբերության տարբեր ճյուղերում, կրթության եւ գիտության բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացումը։
Հումանիտար ու մշակութային կապերի ամրապնդման եւ զբոսաշրջության զարգացման առումով կարեւորվել է Հայաստանում Ռոստովի մարզի մշակույթի օրերի անցկացումը։





























