Եվրամիությունը հանել է վիզային ռեժիմը Ալբանիայի ու Բոսնիայի եւ Գերցոգովինայի քաղաքացիների համար: Այս որոշումը կայացրել են ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարները` Բրյուսելում հանդիպման ժամանակ:
Դրանով, միասնական Եվրոպան, ըստ էության, որոշել է հավանություն տալ Ալբանիայում եւ Բոսնիայում տնտեսական եւ քաղաքական բարեփոխումների ընթացքին:
Դեկտեմբերից սկսած նշված երկու երկրների բիոմետրիկ անձնագրեր ունեցող քաղաքացիները կարող են առանց վիզայի ժամանել Շենգենյան համաձայնագրի երկրներ:
Նախորդ տարվա դեկտեմբերին Եվրահանձնաժողովը նման որոշում էր կայացրել երեք այլ երկրների` Սերբիայի, Մակեդոնիայի եւ Չեռնոգորիայի նկատմամբ: Այսպիսով, Բալկանյան թերակղզու տարածքում վիզայի ռեժիմը չի հանվել միայն Կոսովոյի համար, որի պատճառն այն է, որ ԵՄ անդամ ոչ բոլոր երկրներն են ճանաչել Կոսովոն որպես անկախ պետություն:
Շենգենյան համաձայնագիրը կնքվել է մի շարք եվրոպական երկրների միջեւ, որով հանվել է վիզային, մաքսային եւ անձնագրային ռեժիմը այդ երկրների տարածքում:





























