ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը փետրվարի 20-ին այցելեց «ԱրմենՏել» ՓԲ ընկերություն: Նախարարին ընդունեց Հայաստանում «Beeline»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Կողմերը քննարկեցին հեռահաղորդակցության ոլորտի ներկա մարտահրավերները եւ զարգացման հեռանկարները։ OTT (over-the-top) հավելվածների հետ խստացող մրցակցության պայմաններում, ինչպես մյուս օպերատորների դեպքում, «Beeline»-ի ձայնային ծառայություններից օգտվողների թիվը եւս նվազում է, հետեւաբար կրճատվում են եկամուտները: Ֆինանսական կորուստները հատկապես միջազգային զանգերի մասով են:

Որպես հակաքայլ շուկայի մարտահրավերներին` ընկերությունը վերափոխում է իր ռազմավարությունն ու բիզնես-մոդելը՝ ավանդական ձայնային եւ տվյալների փոխանցման ծառայություններից անցում կատարելով դեպի թվային ծառայություններ, այն է` բջջային ինտերնետ հարթակում ֆինանսական, հեռուստատեսային եւ այլ ծառայություններ:

Ռոումինգի գնի վերաբերյալ նախարարի հարցին ի պատասխան, Անդրեյ Պյատախինը հայտնեց, որ «Beeline»-ի կողմից սակագների վերանայում իրականացվել է: Ընկերության տնօրենի խոսքով` ներկայում իրենք Հայաստանում ամենամատչելի ռոումինգ ծառայությունն են մատուցում գրեթե բոլոր ուղղություններով:

Վահան Մարտիրոսյանը հավաստիացրեց, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցելու շուկայում գործող բոլոր օպերատորներին` բարելավելու հեռահաղորդակցական ծառայությունների որակը: