Իրանին ուղղված սպառնալիքներն աշխատող չեն: ԻՐՆԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը՝ ժխտելով Իրանի միջուկային գործարքի վերանայման հնարավորությունը: 

«Թեհրանը հարգանքին փոխադարձ պատասխան է տալիս: Ոչ ոք շահագրգռված չէ Պանդորայի արկղը բացելու մեջ: Դա բազմակողմ գործարք է, իսկ բազմակողմ գործարքները չեն կարող կրկին վերանայվել, քանի որ դա Պանդորայի արկղը կբացի: Կարծում եմ, որ միջուկային գործարքը կշարունակվի»,- ասել է Զարիֆը:

Անդրադառնալով Սպիտակ տան հայտարարությանը՝ կապված Իրանի հրթիռային փորձարկումների եւ իրանական ընկերությունների եւ մասնավոր անձանց դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հետ, Զարիֆը զգուշացրել է, որ Իրանը նման հայտարարություններին վատ կարձագանքի, եւ պատժամիջոցներն անարդյունավետ է անվանել:

Արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին դիտարկմանը, որով քննադատել է 2015-ի միջուկային գործարքը, Զարիֆը քննադատել է ամերիկացիներին՝ միջուկային գործարքի նրանց կողմից իրականացումն «անարդյունավետ» եւ «դանդաղկոտ» անվանելով, սակայն միեւնույն ժամանակ ընդգծելով գործարքի եւ դրա մեխանիզմների կարեւորությունը եւ հավելելով, որ միջուկային գործարքի վերանայման անհրաժեշտության դեպքում ինքը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ:

Անդրադառնալով վիզային պատժամիջոցներին, որը նախագահ Թրամփը մտցրել էր մուսուլմանական 7 երկրների, այդ թվում՝ Իրանի քաղաքացիների դեմ, Զարիֆն ասել է. «Դա ցուցադրում է բոլոր իրանցիների, նույնիսկ Եվրախորհրդարանի անդամների հանդեպ թշնամանքը, քանի որ եվրոպական նախարարներ եւ խորհրդարանականներ կան, որոնք Իրանում են ծնվել եւ չեն կարող ԱՄՆ մեկնել: Դա անհեթեթություն է: ԱՄՆ կառավարությունը ի՞նչ ուղերձ է փորձում հղել: Իրանը դիմակայությամբ շահագրգռված չէ: Կարծում եմ, որ ի վերջո՝ կհաղթի կառուցողականությունը»: