ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Հնդկաստան այցելության ժամանակ այդ երկրների միջեւ ավելի քան 10 մլրդ դոլարի արժողությամբ 20 պայմանագիր է ստորագրվել: Մասնավորապես, Հնդկաստանն ու ԱՄՆ-ը կհամագործակցեն տիեզերագնացության, քաղաքացիական, միջուկային եւ պաշտպանական ոլորտներում:

Բացի այդ, Օբաման խոստացել է օգնել Հնդկաստանին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ դառնալու գործում:

ԱՄՆ նախագահի ասիական տարածաշրջան կատարած ուղեւորությունը (Ինդոնեզիա, Հարավային Կորեա, Ճապոնիա եւ այլն) տեղի է ունենում G20-ի Սեուլում կայանալիք գագաթաժողովի նախօրեին: Ողջ ուղեւորությունը կտեւի 10 օր: Օբաման այս այցելությունների շարքով մտադիր է ավելացնել ԱՄՆ-ի արտահանման ծավալները:

Միաժամանակ, նոյեմբերի 7-ին զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ինդոնեզիայում ԱՄՆ նախագահի այցելության դեմ:

Շուրջ 20 հազար մարդ դուրս է եկել Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի փողոցներ, որպեսզի իր բողոքը հայտնի «մահմեդականներին հետապնդելու» ԱՄՆ-ի քաղաքականության դեմ, հաղորդում է life news-ը: Նրանք երթով գնացել են ԱՄՆ դեսպանատուն եւ պահանջել դուրս բերել ամերիկյան զորքերը Պակիստանից եւ Աֆղանստանից եւ դադարեցնել աջակցությունը Իսրայելին: