Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքնորոշվել է։ Այս մասին հայտնել է Ուրուգվայի նախկին սենատոր, Ուրուգվայ-Արցախ ֆորումի անդամ, գրող Օսկար Լոպես Գոլդարասենան, որը ԼՂՀ է ժամանել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակ քվեարկությունը մշտադիտարկելու համար։

«Նախ ուզում եմ շեշտել, որ մենք գտնվում ենք մի երկրում, որտեղ բոլոր պետական կառույցները գործում են բարձր մակարդակի վրա»,- հայտնել է ուրուգվայցի քաղաքական գործիչը, փոխանցում է «Արցախպրեսը»։

Նրա խոսքով, Արցախն ունի բոլոր նախադրյալները անկախ պետություն ճանաչվելու համար։ «Ես տպավորված եմ հանրաքվեից, մարդկանց ակտիվությունից, որեւէ անկարգության բացակայությունից»,-ասել է Օսկար Լոպես Գոլդարասենան։

Նա հիշեցրել է, որ Ուրուգվայը առաջին երկիրն է եղել, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ «Հույս ունեմ նաեւ կդառնա առաջին երկիրը, որը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- ասել է նա։