Արտաքուստ հասարակ ականջակալը «թույլ կտա գնալ այնտեղ, որտեղ գաջետը դեռ չի եղել՝ զուգահեռ թարգմանելով օտար լեզուները»։ Այս մասին տեղեկացրել է Ջոնաթան Մարգոլիսը՝ Financial Times–ից։ Հիշու՞մ եք ունիվերսալ թարգմանչին «Աստղային ուղի» գիտաֆանտաստիկ մեդիաֆրանշիզայից կամ Բաբելոնյան ձկանը՝ «Ավտոստոպով՝ Գալակտիկայով»–ից։ Դրանք իրականություն են դարձել։ Շնորհիվ Pilot–ի, զրուցակիցները կարող են ոչ միայն միմյանց հետ խոսել միանգամայն տարբեր լեզուներով, այլեւ հասկանալ լսածը։

Հենց որ զրուցակիցները դնում են ականջակալները, սարքն սկսում է թարգմանել ասված խոսքը՝ յուրաքանչյուրին իր ընտրած լեզվով, լինի դա ֆրանսերեն, իտալերեն, պորտուգալերեն կամ իսպաներեն։ Մնում է միայն համոզել դիմացինին՝ հագնել այդ սարքը։ Pilot–ը վաճառքի կհանվի մայիսին՝ 299 դոլար արժեքով։ Բաբելոնյան աշտարակ կառուցողներին այն, անկասկած, պետք կգար։

Սարքը չի հանդիսանում որեւէ այնպիսի խոշոր կազմակերպության արտադրանք, ինչպիսիք են Samsung–ը կամ Google–ը։ Դրա պատրաստման համար մենք պարտական ենք նյույորքյան ստարտափին, որը ստեղծել է Դալլասում բնակվող մեքսիկական արմատներ ունեցող Էնդրյու Օչոան:

Ջոնաթան Մարգոլիսը նախազգուշացնում է՝ միանգամից չոգեւորվել ու երազել, թե ինչպես պիտի ճանապարհորդեք օտար երկրներով՝ խոսելով տեղացիների հետ։ Մեքենայական թարգմանության տեխնիկան թեկուզ ամեն օր կատարելագործվում է՝ շնորհիվ արհեստական ինտելեկտի, բայց այնուամենայնիվ կարող է լղոզել բառերը։ Տվյալ պահին Pilot–ն առաջարկում է անգլերեն եւ որոշ ռոմանական լեզուներ, այդ թվում՝ իսպաներեն։