Այս հանրաքվեն ամրապնդում է արցախահայության՝ սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը: Այս մասին, փետրվարի 20-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանական պատվիրակության ղեկավար ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Աշոտ Ղուլյանը, ողջունելով ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներին, երախտագիտություն է հայտնել Հայաստանի խորհրդարանի գործընկերներին՝ Արցախին աջակցելու հարցում մշտական պատրաստակամության համար և նշել, որ արցախցիների համար հպարտություն ու մեծ ոգևորություն է քաղաքական և պատմական առումով կարևոր այս օրը նորից զգալ հայության միասնականությունը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, շնորհավորելով արցախահայությանը Վերածննդի օրվա կապակցությամբ, նկատել է, որ Սահմանադրական հանրաքվեի օրը Արցախում գտնվելը, ոչ միայն զուտ դիտորդական առաքելություն է, այլև՝ հաճելի և անհրաժեշտ պարտականություն:
«Այս հանրաքվեն ամրապնդում է արցախահայության՝ սեփական ձեռքերով սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը: Սա ևս մեկ հնարավորություն էր՝ ցույց տալու, որ Արցախը անշեղորեն գնում է ժողովրդավարության ճանապարհով»,-ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:
Մտքերի փոխանակության կարգով ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Շուշան Պետրոսյանը, Լյովա Խաչատրյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վահրամ Մկրտչյանը և Կարեն Շահմուրադյանը ամփոփել են օրվա ընթացքում տարբեր ընտրատեղամասերում իրականացրած իրենց դիտարկումները և գոհունակություն հայտնել հանրաքվեի ողջ ընթացքի վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում խորհրդարանականները քննարկել են նոր Սահմանադրության դրույթներին, մասնավորապես, դրանից բխող օրենսդրական հետագա կարգավորումներին վերաբերող հարցեր:




























