Արցախում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունը կոնկրետ անձի իշխանության վերարտադրությանն ուղղված փոփոխություն է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 21-ին, «Սահմանադրական հանրաքվե Արցախում. գնահատականներ եւ դիտարկումներ» թեմայով քննարկման նշել է Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար, ԼՂ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը, որը քննարկմանը միացել էր տեսազանգի միջոցով:

«Ես վստահ եմ, որ «Կողմ»-ի քարոզարշավը կատարած երկու քաղաքական ուժերը՝ Արցախի ժողովրդավարական կուսակցությունն ու «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, 2017 թվականի օգոստոսին, երբ կմոտենա Բակո Սահակյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետի ավարտը, ԱԺ-ում կառաջադրեն հենց Բակո Սահակյանի թեկնածությունը՝ որպես անցումային շրջանի նախագահի թեկնածու»,-ասաց նա:

Խանումյանը նշեց, որ ինքը ժամանակին Սահմանադրական հանձնաժողովի անդամներին տվել է հարցը, թե արդյոք սահմանադրական փոփոխությունների՝ անցումային շրջանի ավարտից հետո, երբ 2020 թվականին նոր Սահմանադրությամբ տեղի ունենան ԱԺ-ի ու նախագահի ընտրությունները, Բակո Սահակյանը նորից հնարավորություն կունենա եւս երկու նախագահական ժամկետ վերընտրվել. «Ինձ պատասխանել են, որ 2020 թվականից բոլորը հավասար են, այսինքն՝ Բակո Սահակյանը կարող է եւս 2 անգամ առաջադրվել նախագահի թեկնածու»:

Նշենք, որ փետրվարի 20-ին Արցախում տեղի է ունեցել սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որտեղ, ըստ նախնական տեղեկությունների, այդ փոփոխություններին կողմ է արտահայտվել ընտրողների 87 տոկոսը: