Երբ ժողովուրդն իր ոտքով գնում է ու քվեարկում այն բանի օգտին, ինչ ուզում է իշխանությունը, դա արդեն վատ է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 21-ին, «Սահմանադրական հանրաքվե Արցախում. գնահատականներ եւ դիտարկումներ» թեմայով քննարկման ժամանակ նշել է «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր եւ նախագահ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Պապյանը:

Նրա խոսքով, ակնհայտ է, որ Հայաստանն ու Արցախը գտնվում են նույն ռազմաքաղաքական իրավիճակում. «ՀՀ-ում նոր Սահմանադրությունն ընդունվում էր այն նպատակով, որ խորհրդարանական ձեւն ավելի ժողովրդավարական է ու կարող է ապահովել ավելի ճիշտ կառավարում ներկա ժամանակաշրջանում: ԼՂՀ-ում հակառակ գործընթացն է:  ԼՂՀ-ն պետք է շատ ավելի ժողովրդավար լինի. հիմա ես վստահ եմ, որ ընտրախախտումներ չեն եղել, բայց դա դրական չէ: Առաջիկա խորհրդարանական ընտրությունները Հայաստանում եւս շատ խախտումներով չեն անցնի, բայց երբ ժողովուրդն իր ոտքով գնում է ու քվեարկում այն բանի օգտին, ինչ ուզում է իշխանությունը, դա արդեն վատ է: Ինձ համար ընդունելի չէ նաեւ այն, որ սա երկատում է առաջացնում հայ ժողովրդի մեջ»:

Նշենք, որ փետրվարի 20-ին Արցախում տեղի է ունեցել սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որտեղ, ըստ նախնական տեղեկությունների, այդ փոփոխություններին կողմ է արտահայտվել ընտրողների 87 տոկոսը: Այսպիսով Արցախում կիսանախագահական կառավարման համակարգին կփոխարինի նախագահական համակարգը: