Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմաց տեղի է ունեցել մահապատժի դատապարտված Սակինե Մոհամմադ Աշտիանիի աջակցության եւս մեկ ակցիա:
Երիտասարդների մի խումբ, որոնց թվում հիմնականում Հայաստանում բնակվող իրանցիներ են եղել, «Ո՜չ բռնությանը», «Դադարեցրե՜ք սպանությունը, քարերկոծելն ու մահապատիժը» «Մա՜հ բռնապետին» բովանդակությամբ պաստառներ էին բռնել:
«Մենք մեր կառավարությունից պահանջում ենք դադարեցնել սպանությունները, փոխել մահապատիժը: Սակինեն մեր երկրում բացարձակապես անպաշտպան է: 21-րդ դարում ուղղակի ծիծաղելի է ամուսնական անհավատարության համար մահվան դատապարտելը», - «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում հայտարարել է ցուցարարներից մեկը:
Նշենք, որ սա Հայաստանում իրանցի կնոջ պաշտպանության նպատակով կազմակերպված արդեն երկրորդ ակցիան է: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, նոյեմբերի 4-ին երիտասարդների մի խումբ պաստառները ձեռքին հավաքվել էր` իր բողոքը հայտնելու Իրանի իշխանությունների` ամուսնական անհավատարմության մեջ մեղադրվող 43-ամյա Սակինե Աշտիանիին մահապատժի ենթարկելու որոշման առնչությամբ:
Ակցիայի մասնակիցները հանդիպել էին դեսպանության անվտանգության աշխատակիցների կոպիտ վերաբերմունքին, որոնք հայտարարել էին, թե «դեսպանատունը նրանց համար սուպերմարկետ չէ, որ նրա վրա պաստառներ փակցնեն»: Ակցիայի մասնակիցներից հարցրել էին նաեւ, թե ո՞ր քաղաքական ուժին են հարում: Դեսպանատան անվտանգության աշխատակիցները երիտասարդներին նաեւ սպառնացել էին ոստիկանություն կանչել:
Լուսինե Վայաչյանին հրավիրել էին դեսպանատուն, որտեղ նա ներկայացրել էր իրենց բողոքի էությունը, ինչին ի պատասխան նախ հայտարարել էին, որ չեն հասկանում, թե ում մասին է խոսքը, ապա Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանը հայտարարել էր, թե Իրանում շատ կանայք կան ձերբակալված: «Մենք փորձեցինք բացատրել, որ նման մահապատիժը մարդու իրավունքների խախտում է, սակայն դեսպանը շտապեց նշել, որ Եվրոպայում նույնպես կան ձերբակալված կանայք։ Տպավորություն էր, որ դեսպանը ընդհանրապես չի հասկանում, թե ինչ ենք իրենից սպասում»,- նշել էր ակցիայի մասնակիցը:
Հիշեցնենք, որ 43-ամյա Սակինե Մոհամմադի Աշտիանիին Իրանի դատարանը դատապարտել էր մահապատի քարկոծման եղանակով՝ ամուսնական անհավատարմության եւ ամուսնու սպանության կազմակերպմանն առնչություն ունենալու համար: Միջազգային ճնշման արդյունքում քարկոծումը փոխարինվել է կախաղանով, եւ Իրանի իշխանությունները մտադիր են առաջիկայում իրականացնել այն:





























