Ադրբեջանի ԱԳՆ «սեւ ցուցակը» մեծացրել է Լեռնային Ղարաբաղ այցելել ցանկացողների թիվը։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 21-ին, Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Հիշեցնենք, որ խորհրդարանական պատվիրակությունը՝ փոխխոսնակի գլխավորությամբ դիտորդական առաքելություն էր իրականացնում ԼՂՀ–ում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում:

Շարմազանովի խոսքով, Հայաստանի ԱԺ պատվիրակությունը մոնիտորինգ է անցկացրել 3 ուղղությամբ, եղել է ավելի քան 30 համայնքներում։ «Հանրաքվեն ցույց տվեց, որ ժողովուրդը միասնական է, անկախ պետություն ստեղծելու նրա կամքն անկոտրում է։ Այն նաեւ ցույց տվեց, որ հաստատվեցին միջազգային դիտորդների գնահատականներն այն մասին, որ Արցախը հետեւում է ժողովրդավարական պետության կառուցմանը, եւ ԼՂՀ–ի ժողովրդավարական գործընթացները հարեւան Ադրբեջանի հետ համեմատելի չեն», – ընդգծեց Շարմազանովը։

Փոխխոսնակը հիշեցրեց, որ ապրիլյան դեպքերից հետո հանրաքվեն ԼՂՀ–ում առաջին համապետական իրադարձությունն է, եւ որ երկրի հասարակությունը ցույց տվեց, որ, չնայած ռազմական արկածախնդրություններին, Արցախը կընթանա ժողովրդավարության կառուցման ճանապարհով։ Ինչ վերաբերում է հանրաքվեի որակին, ապա մենք կարծում ենք, որ այն կարող է օրինակ լինել տարածաշրջանում բոլորի համար՝ առանց բացառության։ Դա ցույց է տալիս, որ ԼՂՀ–ի միջազգայնորեն ճանաչումը ժամանակի հարց է», – նշեց փոխխոսնակը։

Նրա խոսքով, Ադրբեջանի քաղաքական իսթեբլիշմենթը վերջին մի քանի տարիներին հանդես է եկել հայտարարություններով, որոնք չեն բխում տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու շահերից, ուղղված են խաղաղ կարգավորման դեմ։ «Ամեն նման հայտարարություն մոտեցնում է միջազգային ճանաչումը», – նշեց Շարմազանովը։

«Շատ կարեւոր էր մոտ 30 երկրներից դիտորդների ներկայությունը։ Դա նշանակում է, որ եւ Ադրբեջանի իշխանությունների, եւ նրա համախոհների, որոնք իբր նաեւ մեր համախոհներն են որոշ կազմակերպություններում,  գործողությունները ապարդյուն են: Որքան ավելանում են նրանց «սեւ ցուցակում» հայտնվածները, այնքան մեծանում է Լեռնային Ղարաբաղում լինելու արտասահմանցի քաղաքացիների ցանկությունը», – նշեց Շարմազանովը։