Արցախում հանրաքվեն լավ կազմակերպված էր եւ այն քաղաքացիների կողմից համարվում էր անհրաժեշտություն՝ Ադրբեջանի կողմից աճող ռազմական վտանգի պայմաններում: Այս մասին ասված է Արցախի Հանրապետությունում կայացած նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեի առնչությամբ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային կազմակերպության կողմից ներկայացված միջանկյալ եզրակացության մեջ:

Եզրակացությունում, մասնավորապես, ասվում է.

«Այսօր՝ փետրվարի 21-ին, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային կազմակերպությունը հրապարակել է միջանկյալ եզրակացություն Լեռնային Ղարաբաղում/ Արցախի հանրապետությունում կայացած նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեի առնչությամբ։ 2017 թվականի փետրվարի 20—ին տեղի ունեցած հանրաքվեն նախատեսում է անցում ուժեղ նախագահական համակարգին, ինչպես նաեւ անվանափոխություն․«Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»-ից՝ վերանվանելով «Արցախի Հանրապետություն»։ 

«Մեր դիտարկումների արդյունքում՝ կարող ենք փաստել, որ հանրաքվեն լավ կազմակերպված էր եւ այն քաղաքացիների կողմից համարվում էր անհրաժեշտություն՝ Ադրբեջանի կողմից աճող ռազմական վտանգի պայմաններում՝ հատկապես 2016-ի ապրիլին տեղի ունեցած դեպքերից հետո։ Արդյունքները հստակորեն արտահայտում են մարդկանց ընտրությունը, այդուհանդերձ, որոշ զարգացումների հստակ անհրաժեշտություն կա, որը կնպաստի ընտրական գործընթացի հանդեպ տեղական եւ միջազգային վստահության աճին»,-ամփոփել է EuFoA գործող նախագահ Մայքլ Քեմբեքը։ 

Միջանկյալ եզրակացությունը հասանելի է կազմակերպության կայքում հայերեն եւ անգլերեն։

Ամբողջական եզրակացությունը կներկայացվի մի քանի շաբաթից։

Հարցազրույցներ կարող են կազմակերպվել նաեւ մեր առաքելության անդամներ Հանս-ՅոխենՇմիդթ (Գերմանիայում Հայաստանի նախկին դեսպան) եւ դոկտոր Հանս-ՅուրգենԶահորկայի հետ (Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների ամսագրի գլխավոր խմբագիր, Եվրախորհրդարանի նախկին անդամ)։