Թերթի տեղեկություններով այս տարվա դեկտեմբերին նախատեսված որակավորման քննությունները առավել քան ներկայացուցչական են լինելու, որոնց մասնակցելու են մասնավորապես, հայտնի պաշտոնյաների զավակներն ու հարազատները` վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբոր աղջիկը`Տաթեւիկ Սարգսյանը, ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի անդամ, Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Վահրամ Շահինյանի աղջիկը` Հասմիկ Շահինյանը, ՀՀ արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանի կինը` Էմիլյա Առուստամյանը, ջավախահայության հիմնական հովանավորներից մեկը համարվող մոսկվաբնակ Նորիկ Թեւանյանի հարսը` Սյուզաննա Նազինյանը, գեներալ Աստվածատուր Պետրոսյանի հարսը եւ այլն:

«Առավոտը» գրում է, որ օրենքի համաձայն, նոտարների որակավորման քննություններին մասնակցելու համար անհրաժեշտ է, որ թեկնածուն ունենա նոտարական գործունեության առնվազն մեկ տարվա ստաժավորում, եւ քանի որ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբոր աղջկա ստաժը մեկ տարուց քիչ է եղել, քննությունները ամռանից հետաձգել են դեկտեմբեր: Արդարադատության նախարարի համար առանձնապես մեծ դժվարություն չէր եղել, որակավորման քննությունը մի քանի ամիս հետաձգել: Ընդ որում, քաջատեղյակ մեր աղբյուրների մատուցմամբ, այս բոլոր թեկնածուների համար արդեն բարեխոսել են համապատասխան պաշտոնյաները: Իսկ Նորիկ Թեւանյանն ամենուրեք հայտարարել է, որ իր հարսն արդեն հունվարից  աշխատելու է, ու նույնիսկ նրա աշխատասենյակն է պատրաստ: Թերեւս, հասկանալի է, որ նախարարի եւ ՀՀ վարչապետի մակարդակով ամեն ինչ արվելու է այս մարդկանց ոչ միայն քննությունն անցկացնելու, այլեւ նրանց աշխատանքի հարցը լուծելու համար: