Նոր օրինագիծը, որը առաջ է քաշել ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը, վերաբերվում է պայմանագրային զինծառայողներին՝ նրանց տրվող ծխախոտի փոխարեն գումար է տրվելու: Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով փետրվարի 23-ին կայանալիք կառավարության նիստում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի առաջարկած նախագծին, ըստ որի առաջարկվում է ԶՈւ-ի պարենային ապահովման չափաքանակներից հանել ծխախոտի հատկացումը:

«Նրանց օրական 20 հատիկ ծխախոտի եւ համապատասխան լուցկու փոխարեն կհատկացվի համապատասխան գումար: Նախարարի առաջարկը կարեւոր խնդիրներ է լուծում՝ առողջ ապրելակերպին է օգնում, զինծառայողին ազատ հնարավորություն է տալիս, որ ինքն ընտրի՝ ինչ ծխախոտ ծխի, նաեւ ազատ հնարավորություն է տալիս՝ այդ գումարը ինչպես ծախսի, նաեւ զինծառայողների վրա ծախսվող գումարների ավելի օպտիմալ հաշվարկների առումով է օգնում, այսինքն՝ ինչքան քիչ նյութական միջոցների ձեռքբերման ծախսեր են կատարվում, այնքան գումարը ուղիղ նպատակին է ծախսվում»,-ասաց նա:

Ավելի ուշ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանել է, որ 2008թ. շարքային ժամկետային կազմին ծխախոտ չի հատկացվում, դրա փոխարեն հատկացվում է համապատասխան գումար, ինչպես նաեւ քաղցրավենիք մարտական դիրքերում:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգերի խաղաղ ժամանակ պարենային ապահովման չափաքանակներում հանվում է ծխախոտի, իսկ ԱԱԾ-ի մասով` նաեւ լուցկու հատկացումը: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2004 թվականի հոկտեմբերի 12-ին վավերացված 2003 թվականի մայիսի 21-ին Ժնեւում ընդունված «Ծխախոտի դեմ պայքարի Առողջապահության համաշխարհային կազմակերպության շրջանակային կոնվենցիայի» պահանջներից (որին միացել են շուրջ 153 պետություն), ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագրի դրույթներից: Հաշվի է առնվում նաեւ վերջին տարիներին ՀՀ զինված ուժերում ծխելու դեմ պայքարին ուղղված համալիր միջոցառումները, այդ թվում` ՀՀ ՊՆ-ում «Առողջ զինվոր` առանց ծխախոտի» ծրագիրը, որոնց գլխավոր առարկան զինծառայողների առողջության պահպանումն է: