Նիդեռլանդների ոստիկանությունը օրերս ձերբակալել է Կալիֆորնիայի բնակիչներ Ջոն եւ Ջորջ Սիլա Սուլահյան եղբայրներին, որոնք մեղադրվում են իրենց որդիներին օրինական խնամակալներից` մայրերից առեւանգելու մեջ: Ձերբակալումը տեղի է ունեցել Հետաքննությունների դաշնային բյուրոյի հարցման հիման վրա:

Հանցագործությունը տեղի էր ունեցել 2008 թ-ին: Վեսթչեստերի բնակիչներ Սուլահյանները բաժանվել են իրենց կանանցից, սակայն չեն ցանկացել հրաժարվել իրենց տղաներից: Ջոն եւ Ջորջ Սուլահյանները վերցրել են իրենց երեխաներին` 12-ամյա Գրեգին, 14-ամյա Ալեքսին եւ 11-ամյա Զավենին եւ հեռացել Միացյալ Նահանգներից: Երեխաների մայրերն անմիջապես դիմել են FBI-ին, որոնք միայն երկու տարի անց են կարողացել հայտնաբերել հայրերին եւ որդիներին Նիդեռլանդներում: FBI-ի մամուլի խոսնակ Լաուրա Էյլմիլլերը հայտնել է, որ տղաների հետ ամեն ինչ նորմալ է, եւ այժմ Նիդեռլանդներ են մեկնել երեխաների մայրերը` Քրիսթին Սթիքհաուզն ու Զաննի Մեղրյան-Քալաջյանը, որպեսզի վերադարձնեն երեխաներին Միացյալ Նահանգներ:

Սուլահյան եղբայրներին առեւանգման մեղադրանք է ներկայացվելու: