Դավիթաշենի սրբոց նահատակաց եկեղեցում այսօր` նոյեմբերի 9-ին, տեղի ունեցավ զորակոչիկների օրհնության արարողություն, որին ներկա էին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը, ՀՀ Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը եւ բարձրաստիճան այլ զինվորակակներ:

Մաշտոցի զինվորական կոմիսար գնդապետ Արմեն Բալբաբյանն ասաց, որ այսօր օրհնություն ստացան 24 զորակոչիկներ, նրանք բոլորը հետազոտվել են եւ ոչ մի գանգատներ չունեն զորակոչի հետ կապված:

Իսկ Հրայր Կարապետյանը բարի ծառայություն մաղթեց զորակոչիկներին: «Կա պաշտպանության նախարարի ցուցումը զինկոմներին զորակոչի ամփոփման ժամանակ հանդիսավորությամբ բանակ ճանապարհել զորակոչիկներին: Մաշտոցի զինկոմը`   ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովին հրավիրել է մասնակցելու այս գեղեցիկ միջոցառմանը, որը հուսով եմ պետք է ավանդական լինի, որպեսզի ծնողները տեսնեն, որ իրենց զավակներն արժանի են հարգանքի եւ արժանանում են դրան ԱԺ պատգամավորների, զինվորականների եւ պաշտպանության նախարարության կողմից»,-ասաց Հրայր Կարապետյանը` հույս հայտնելով, որ զորակոչիկներն այս ամենից հետո ավելի պատասխանատվությամբ կմոտենան իրենց խնդրին:

Նշենք, որ զինակոչիկների օրհնության արարողություն անցակցվելու է բոլոր այն համայնքերում, որտեղ կան եկեղեցիներ: