Չեխիայի քաղաքացիները երկրի իշխանությունների կողմից հանձնման ենթակա չեն: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարել է Հայաստանում Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Միկիսկան՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներին, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հետախուզում է հայտարարել Լեռնային Ղարաբաղ այցելած Եվրախորհրդարանի պատգամավորների նկատմամբ:
«Մենք տեղեկացվել ենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ձերբակալության միջազգային լիազորագիր է տվել Եվրախորհրդարանի անդամներ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ), Էլենի Թեոխարուսի (Կիպրոս) եւ Յարոմիր Շտետինի (Չեխիա) համար՝ կապված Լեռնային Ղարաբաղ նրանց «անօրինական» այցի հետ: Այդ կապակցությամբ ուզում ենք ընդգծել, որ Չեխիայի Հանրապետության քաղաքացիներն իշխանությունների կողմից հանձնման ենթակա չեն: Եվրախորհրդարանի անդամները, գտնվելով Եվրամիության անդամ պետությունների տարածքում, պատգամավորական անձեռնմխելիություն ունեն:
Ինչ վերաբերում է երրորդ երկրից տարածքում ձերբակալությանը, ապա կարծում ենք, որ ձերբակալության միջազգային լիազորագիրը հնարավոր նախադեպ է ստեղծում, որը պետք է մանրամասն ուսումնասիրվի»,- ընդգծել է դեսպանը:




























