Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մասը, երկու անկախ եւ իրավական իմաստով հավասար սուբյեկտները կազմավորվել են Խորհրդային Միության փլուզումից հետո: Այս մասին իտալական agenparl.com կայքի հետ հարցազրույցում հայտարարել է Իտալիայում Հայաստանի դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ Ղարաբաղի հայերը պայքարում են իրենց հայրենիքում ազատ ապրելու իրավունքի համար, մինչդեռ Ադրբեջանում հայի սպանությունը հպարտանալու առիթ է: «Այդպես եղավ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի դեպքում, որը կացնահարեց քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին»,- նշել է դեսպանը՝ հավելելով, որ նույնը կարելի է ասել նաեւ 2016-ի ապրիլյան պատերազմի համար, երբ Ադրբեջանը սկսեց գնդակոծել խաղաղ բնակավայրերը, գյուղերը, դպրոցները եւ մանկապարտեզները:

Դեսպանն ընդգծել է, որ վայրագությունները, սպանությունները եւ ռազմական հանցագործությունները անձամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներկայացնում է որպես վաստակ: «Կասկած չկա, որ Ադրբեջանն ամբողջությամբ սպառել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վստահությունը: Հասկանալի է, որ «ապագայում ոչ մի հետվերադարձ չի լինի», քանի որ դա բացարձակ նոնսենս է»,- նշել է դեսպանը:

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի 4 բանաձեւերին, ապա Բաղդասարյանն ընդգծել է, որ Ադրբեջանի դեսպանը դրանց մասին խոսելիս մոռանում է, որ «դրանք կոնկրետ իրավիճակում են ընդունվել եւ որոշակի նպատակով՝ բռնությունը կանգնեցնելու համար»: Ավելին՝ ոչ մի բանաձեւում Հայաստանը հակամարտության կողմ չի համարվում:

«Հայաստանին միայն հորդորում են շարունակել ազդեցություն գործել Լեռնային Ղարաբաղի վրա, իսկ վերջինն ակնհայտորեն  ճանաչվում է որպես հակամարտության կողմ՝ այն, ինչը Ադրբեջանը մշտապես փորձում է անտեսել: Ադրբեջանը նաեւ մերժել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային եւ էներգետիկ կապերի վերականգնման հարցով բանաձեւերը: Դրանից զատ, ՄԱԿ ԱԽ-ի բանաձեւերով կոչ է արվում ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կդժվարացնի հակամարտության խաղաղ կարգավորումը, եւ ջանքեր ներդնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման համար: Իսկ ի՞նչ է արել Ադրբեջանը: Բացարձակապես հակառակը՝ յուրաքանչյուր բանաձեւից հետո նրանք նոր լայնածավալ ռազմական հարձակում են նախաձեռնել»,- հավելել է նա: