2017 թվականի առաջնայնություններից է ամբողջ աշխարհում Հայաստանի ճանաչելիության մեծացումը: Այս մասին փետրվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տուրիզմի պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:

Նրա խոսքով՝ Տուրիզմի պետկոմիտեն մտադիր է դա անել թվային տեխնոլոգիաների միջոցով: «Շուտով կստեղծվի մեր կայքի ռուսերեն տարբերակը, որ այն հասանելի լինի Ռուսաստանի քաղաքացիներին: Դրանից բացի, Հայաստանի ճանաչելիությունը մեծացնելու ամենաարդյունավետ մեթոդը ֆամթրիփներն են (familiar trips): Դա ենթադրում է հայտնի բլոգերների եւ լրագրողների հրավերք երկիր, որոնք Հայաստանի մասին հետաքրքիր հոդվածներ կհրապարակեն»,- նշեց Զեյթունցյանը՝ շարունակելով, որ երրորդ միջոցը roadshow-ի շնորհանդեսներն են: «Հրավիրում ենք համայնքների ներկայացուցիչներին, այդ շնորհանդեսների շրջանակներում ներկայացնում հայկական խոհանոցը, գինին, պարերը եւ երգերը»,- պարզաբանեց Զեյթունցյանը: