Ռուսաստանի մարզերն իրենց տնտեսական հնարավորություններով եւ տարբեր ոլորտներում համագործակցության ներուժով Հայաստանի մարզերի համար հուսալի եւ լավ գործընկեր կարող են լինել: Այս մասին այսօր` նոյեմբերի 9-ին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգյանը, ով ընդունել է Ռուսաստանի Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբեւի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը նշել, որ ՌԴ նախագահ Մեդվեդեւի Հայաստան կատարած պետական այցի ընթացքում  երկու երկրների նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ կյանքի են կոչվում:

Հանրապետության ղեկավարը խոսել է, հատկապես, տարածաշրջանների միջեւ ուղղակի  կապերի հաստատման եւ համագործակցության ընդլյանման մասին, որի օրինակներից մեկն էլ Ռոստովի մարզի նահանգապետի այցն է մեր երկիր:

Սերժ Սարգսյանը տարածաշրջանների միջեւ փոխգործակցության զարգացման գործում կարեւորել է նաեւ ՌԴ մարզերում բնակվող մեծաթիվ հայերի դերը:  

Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբեւը գործնական եւ արդյունավետ է համարել Հայաստանում իր ունեցած հանդիպումներն ու քննարկումները` նշելով, որ տարբեր ոլորտներում արդեն ձեռք են բերվել համագործակցության որոշակի պայմանավորվածություններ:  Վասիլի Գոլուբեւի համոզմամբ, Հայաստանի եւ Ռոստովի մարզի միջեւ գյուղատնտեսության, արդյունաբերության, գիտության, զբոսաշրջության եւ մի շարք այլ բնագավառներում փոխգործակցությունը հեռանկարային է:  ՌԴ նահանգապետը կարեւորել է Հայաստանում Ռոստովի մարզի օրերի անցկացումը, որի շրջանակներում կներկայացվի իր ղեկավարած մարզի հնարավորություններն ու համագործակցության ամբողջ ներուժը: