Իրանի միջուկային գործունեությունը համապատասխանում է Գործողությունների համատեղ հանընդգրկուն ծրագրին: Այս մասին նշված է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի այս տարվա առաջին զեկույցում:

Կազմակերպության մասնագետները գնահատել են Իրանի կառավարության տրամադրության տակ եղած հարստացված ուրանի 101,7 կգ ընթացիկ պաշարները: Սա 3 անգամ փոքր է միջազգային համաձայնագրով թույլատրված շեմից (300 կգ), հայտնում է AFP-ը:

«2017 թվականի փետրվարի 17-ի տվյալներով՝ Իրանում ուրան-235-ի մինչեւ 3,67 տոկոս հարստացված քանակը կազմում է 101,7 կգ»,- նշված է զեկույցում:

ԱԷՄԳ-ի մասնագետները նշել են, որ իրանցիները ներկայումս գոյություն ունեցող ծանր ջրով աշխատող ռեակտորի ընդլայնում չեն իրականացնում: «Իրանը Ֆորդո միջուկային օբյեկտում ուրանի հարստացման կամ դրա հետ կապված գիտահետազոտական եւ նախագծա-փորձարարական ոչ մի աշխատանք չի կատարել»,- նշված է զեկույցում: