Ադրբեջանի եւ Արցախի միջեւ շփման գծում ադրբեջանական կողմի ձեռնարկած հարձակման փորձը Բաքվի հերթական հարվածն է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԳՆ-ն՝ անդրադառնալով այս գիշեր Ադրբեջանի զինուժի կողմից երկու ուղղություններով հարձակման փորձերին:

ԱԳՆ տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Հակառակ միջազգային հանրության կոչերի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերի անվերապահ կատարման, ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման անթույլատրելիության մասին պահանջների, անցած գիշեր Ադրբեջանի եւ Արցախի միջեւ շփման գծում ադրբեջանական կողմի ձեռնարկած հարձակման փորձը Բաքվի հերթական հարվածն է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին։

Շարունակելով բանակցային գործընթացի համար համապատասխան պայմանների ստեղծման նպատակով Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները ձախողելու փորձերը` Բաքուն միտումնավոր սրում է իրավիճակը, դիմում նոր սադրանքների։

Կրկին միջազգային հանրության, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ուշադրությունն ենք հրավիրում Բաքվին սթափեցնելու, իրականության դաշտ բերելու խիստ անհրաժեշտության վրա»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ այսօր՝ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Աննա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ։

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր:

Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի»,-ասված է Արցախի ՊԲ տարածած հաղորդագրությունում: