Սյունիքի մարզ Տեղ գյուղում կսկսեն օրգանական ծնեբեկ աճեցնել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Սերգեյ-Դավիթ» ագրարային ընկերության ներկայացուցիչ Սամվել Դավթյանը նշեց, որ Հայաստանի համար արտասովոր բերքը հավաքում են արդեն 2-3 տարի, իրացնում են Երեւանում եւ Ռուսաստանի սուպերմարկետներում: Իսկ այս տարի ուզում են օրգանականի սերտիֆիկատ ստանալ:
Ընկերությունը Եվրահանձնաժողովի եւ Ավստրիական զարգացման գործակալության միջոցներով «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» ծրագրի շրջանակում արդեն անհրաժեշտ տեխնիկա է ստացել: Ընդհանուր առմամբ, ծրագրով օգնություն պետք է ստանան 18 միջին եւ 30-40 փոքր ընկերություններ եւ տնտեսություններ, որոնք ուզում են օրգանական մթերք աճեցնել: Հետո նրանց կսովորեցնեն շուկաներ դուրս գալ:
«Մենք արդեն նախապատրաստել ենք հողը, դրանում պարարտանյութի մնացորդներ չկան: Այս տարի սերտիֆիկատ կստանանք, այդ դեպքում մեկ տարի անց արդեն կկարողանանք օգտագործել organic նշումը: Եթե օգնեն նաեւ մարքեթինգի հարցում, ուզում ենք գնորդներ փնտրել նաեւ Եվրոպայում»,- հավելեց Դավթյանը:



























