ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանն, այսօր՝ փետրվարի 25-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդներին:

Հայաստանի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ժամանակ ռազմական կցորդներին տեղեկատվություն է ներկայացվել փետրվարի 24-ի լույս  25-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձերի, դրանց կասեցման ու հակառակորդի կրած կարուստների, ինչպես նաեւ առաջնագծում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Ըստ Լ.Այվազյանի՝ ստեղծված պայմաններում հայկական կողմը հուսով է, որ Ադրբեջանը զերծ կմնա իրավիճակի հետագա լարումից: Նշվել է նաեւ, որ կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ հակառակորդի հնարավոր նոր արկածախնդրությունները զսպելու համար: