Ժամը 18:20-ին Մատենադարնի մերձակայքում սկսվել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը: Այն նվիրված է նոյեմբերի 9-10-ին Երեւանում ընթացող «Արդար դատաքննություն եւ դատական իրավունքի անկախություն» թեմայով Հայաստան-ԵՄ խորհրդաժողովին:

Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, ամբիոնում են գտնվում ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ընդդիմադիր դաշինքին մաս կազմող մյուս կուսակցությունների առաջնորդները: Մեր թղթակցի գնահատականով Մատենադարանի մերձակայքում մի քանի հազար մարդ է հավաքվել:

Դիմելով հավաքվածներին՝ միտինգը վարող Արամ Մանուկյանը հայտարարեց, որ այսօրվա միջոցառման նպատակն է ընդգծել  Հայաստանի դատական համակարգի անկատարությունը, որը գտնվում է իշխանությունների լիակատար վերահսկողության ներքո եւ կատարում է նրանց պատվերը: Նրա խոսքով, տհաճ պատկերն ավելի ակնհայտ է դարձել 2008թ. փետրվարից հետո երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի արդյունքում, երբ դատական  համակարգը հերթական անգամ օգտագործվեց որպես քաղաքական հետապնդումների գործիք:

Մանուկյանը նշել է, որ դեռ ոստիկանական բաժնում են գտնվում ընդդիմության 4 ակտիվիստները, որոնց բերման էին ենթարկել կեսօրին կայացած բողոքի գործողությունից: Նա իշխանություններին կոչ է արել մինչեւ երթի վերջը ազատ արձակել երիտասարդներին: